ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար հիմք հանդիսացող քարտեզներին: Մամուլի ասուլիսի ուղիղ եթերը հասանելի է Armenia Today-ի YouTube-ալիքում:
Միրզոյանը հայտնել է, որ հայկական կողմը խոսել է 1974-1978 թվականի Խորհրդային միության քարտեզների մասին, Ադրբեջանն սկզբում առաջարկել է օգտագործել 1974-1990 թվականների քարտեզները, իսկ հետո հրաժարվել դրանից:
«Ադրբեջանական կողմն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները: Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով նշեմ, որ օրինակ՝ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում»,- ընդգծել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ տարվա սկզբից ՀՀ-ն կառուցողականորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված էին հարաբերությունների կարգավորմանը: Սա, ըստ նրա, վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է հայկական կողմի որդեգրած սկզբունքները և շեշտել, որ Երևանի համար կարևոր է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
«Նախևառաջ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն առանց որևէ երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողող ձևակերպումների: Երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից կազմված քարտեզների, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա»,- նշել է նա:
Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում իրավական առումով անխոցելի հստակությունն առանցքային է և հիշատակել է Ալմաթիի հռչակագիրը: Նրա խոսքով՝ այդ հռչակագրի սկզբունքներն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հետագա մի շարք հանդիպումների ընթացքում:
Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը 1975 թվականի քարտեզի հիման վրա իրականացնելու Երևանի առաջարկի հետ:
2023թ. դեկտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։
2023թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել էին երկու երկրների սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների աշխատակարգը։
Միրզոյանը 2023 թվականի հունիսին հայտարարել էր, որ միջազգային հանրության և Հայաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրա հետագա սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի օգտագործման հարցում համընկնում են։
Մանրամասները՝ տեսանյութում: