Հայկական կողմը պատրաստ է Մարգարայի անցակետի բացմանը, միակ բացակայող հանգամանքը թուրքական կողմի որոշումն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու Երևանի ու Անկարայի միջև պայմանավորվածության մասին հարցին:
«Համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների, Հայաստանի և Ադրբեջանի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր: Այս պայմանավորվածությունն ենք վերահաստատել նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում, մինչ օրս շոշափելի, առարկայական քայլեր այս ուղղությամբ կամ չեն արվել կամ վերջնական արդյունք չկա: Սահմանը նշված մարդկանց համար բաց չէ ու չի գործում»,- ընդգծել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ երկու կողմից ենթակառուցվածքների ուսումնասիրություն է եղել, բայց սահմանը շարունակում է փակ մնալ:
Միրզոյանը նշել է նաև, որ Անիի կամրջով որոշակի շարժ ու առաջընթաց կա. թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, որին հայկական կողմը կարձագանքի:
Հունվարի 12-ին ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հայտնել էր, որ Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման:
2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Մանրամասները՝ տեսանյութում: