ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» է անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր սահմանադրության ընդունումը՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Այս մասին նա հայտարարել է 2023թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումները քննարկվել են նաև 2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ սահմանադրությունը, բացի կոնկրետ իրավահարաբերություններ ու մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին «փիլիսոփայական հենքն է», որով կառուցվում են երկրի ներսում իրավահարաբերությունները։ Նա ընդգծել է, որ դա, առաջին հերթին, ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։
«Անշուշտ, չեմ ուզում ամբողջությամբ հերքել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ այն ավելի լայն ազդեցություն և կապեր ունի, որն ազդում է նաև արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով մեր և Ադրբեջանի սահմանադրությունները բացառություն չեն, բայց ասել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների պատճառն է, չափազանց մեծ չափազանցություն է»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով նաև, որ սահմանադրությունը չէ պատճառը, որ խաղաղության գործընթացը դանդաղում է։
Միաժամանակ՝ արտգործնախարարը հաստատել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը բարձրացրել են երկու երկրների հիմնական օրենքներում պարունակվող դրույթների վերաբերյալ հարցը։
«Երկուստեք, երկու կողմն էլ այս առումով իրավական խնդիրներ տեսել է, այդ խնդիրները ներկայացրել է մյուս կողմին և երկու կողմերն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ։ Որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ իրենց իրավական դաշտում՝ սկսած սահմանադրությունից»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը խնդիր չի՞ տեսնում Ադրբեջանի սահմանադրության մեջ, որը վերաբերում է երկրի անկախության հռչակմանը, ըստ որի՝ ժամանակակից Ադրբեջանը հանդիսանում է 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդը։
Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ պահպանելով կառավարման ներկայիս խորհրդարանական ձևը։ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության։ Հայաստանն, ի վերջո, պետք է ունենա սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել էր վարչապետը:
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։