Ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտը (FPRI) ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Հայաստան ադրբեջանական ներխուժման վտանգը՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքի միջոցով։
«Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում զգալի հարաբերություններ ունի Ադրբեջանի և նրա գործընկերների հետ։ Խափանման միջոցները կարող են ներառել պատժամիջոցները, ռազմական օգնության արգելքը և զենքի էմբարգոն՝ ի պատասխան ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի», – մանրամասնել է ինստիտուտը:
ԱՄՆ բանակի սպա և Texas National Security Review-ի խմբագիր Ուոլթեր Լանդգրաֆը Բաքվի սեպտեմբերյան հարձակումից հետո Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ավելացման հեռանկարների մասին զեկույցում Վաշինգտոնին առաջարկել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման գործում ռուսական վերահսկողության դեպքում կիրառել սահմանների կառավարման տեխնիկական փորձաքննություն։
Լանդգրաֆը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին Եվրամիության հետ համատեղ քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում՝ մարդասիրական օգնության ավելացման միջոցով։ Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպայում կոնսենսուս չկա՝ կապված Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտություն պարտադրելու արձագանքի հետ, ինչը բացատրվում է ռուսական հանածո վառելիքից հրաժարվելուց հետո Բաքվից ԵՄ-ի էներգետիկ կախվածությամբ։ «Չնայած եվրոպական շատ երկրների ղեկավարներ և ԵՄ քաղաքական գործիչներ հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանին, նրանք կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել նրա դեմ։ Փոխարենը, թվում է, թե դաշինքն ավելի շահագրգռված է բոլոր կողմերի միջև չեզոք միջնորդի իր իմիջի ամրապնդմամբ, մինչդեռ Ադրբեջանը նախընտրել է ինքնուրույն վճռական քայլեր ձեռնարկել»,- պարզաբանել է վերլուծաբանը:
Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտն ընդգծել է տարածաշրջանում կայունությանն աջակցելու երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը, որը կարող է խոչընդոտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հետապնդմամբ: Ուստի Վաշինգտոնը պետք է աջակցի ներքին տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ վերադարձին և Բաքվում դատապարտված հայերի համաներման համաձայնագրին, կարծում է վերլուծական կենտրոնը։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից դուրս գալու առաջարկին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգը պահպանվում է։