ԵԽԽՎ-ն որոշել է չվավերացնել կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Համապատասխան որոշումն ընդունվել է ձայների 76 «կողմ», 10 «դեմ» հարաբերակցությամբ, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Քվեարկությանը մասնակցել է 90 պատգամավոր։
Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի՝ այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Ադրբեջանական պատվիրակության դեմ ԵԽԽՎ պատժամիջոցների պատճառներից մեկը Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի գործողություններն են։
ԵԽԽՎ-ն իր որոշման մեջ վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել էր Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները:
Վեհաժողովը նաև խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։
Վեհաժողովն անդրադարձել է 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
«Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:
ԵԽԽՎ-ն նաև լուրջ մտահոգություններ է հայտնել Ադրբեջանում «ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ» և «խիստ ափսոսանք է հայտնել», որ Բաքուն ԵԽԽՎ պատվիրակությանը չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին և կազմակերպության Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ։
Այսօր ավելի վաղ ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ-ի) հետ՝ «իր լիազորությունները կասկածի տակ դնելու պատճառաբանությամբ»։