Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
«Բարձրաձա՛յն էլ իրենք այդ մասին ասել են, այո՛, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ, համապատասխանաբար, նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։
«Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն»,- նշել է Արարատ Միրզոյանը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։
Հունվարի 23-ին, ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր սահմանադրության ընդունումը՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։
Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ պահպանելով կառավարման ներկայիս խորհրդարանական ձևը։ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության։ Հայաստանն, ի վերջո, պետք է ունենա սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել էր վարչապետը:
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։