Բաքուն կքննարկի Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Խորհրդարանական վեհաժողովի կողմից իր պատվիրակության լիազորությունները սահմանափակելուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։
Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից՝ Բաքվի նկատմամբ ԵԽԽՎ-ի «անարդար և կողմնակալ» վերաբերմունքի պատճառով։
Հունվարի 22-ին ԵԽԽՎ-ն վիճարկել էր ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ կապված սեպտեմբերյան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, քաղբանտարկյալների մեծ թվի և նախագահական ընտրություններին դիտորդական վեհաժողովի հրավեր չլինելու հետ:
Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը վեհաժողովում և իր լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունն անվանել «Ադրբեջանի ներկայիս ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձ»: Նույն օրը ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։