Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԱԾ 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությունն Ադրբեջանին ականների քարտեզներ ներկայացնելու մտադրության մասին: Նշվում է, որ Հայաստանի՝ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու որոշումը «չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»:
«Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների ականազերծումը հետկոնֆլիկտային շրջանում իրականացվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների հիմնական սպառնալիքներից մեկն է այդ տարածքներում գործող խաղաղ բնակչության համար, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին և նրանց խաղաղ բնակությանն իրենց հողերում»,- նշում է գերատեսչությունը և հավելում, որ ականապատ քարտեզների հավաստիությունը գնահատում է 25 %։
Հունվարի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ, իսկ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: ԱԱԾ-ն մանրամասնել էր, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել նոր տեղեկամատյաններ:
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ հնարավոր է Երևանն ականապատ տարածքների նոր քարտեզներ փոխանցի Բաքվին: Անդրադառնալով փոխացված քարտեզների արդյունավետության մասին Բաքվի բողոքներին՝ նա հայտնել էր, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել այն տեղեկատվությունը, ինչ իրեն հասանելի էր և շեշտել էր, որ այս անգամ քարտեզների հետ կապված գործընթացը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով: