ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հրաժարվել է Արցախի դատավորների հետ հանդիպումից, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, գրել է «Հրապարակ»-ը:
Թերթը նշել է, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Նրանք խնդրել են լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված 10-15 տարվա աշխատանքային փորձով 21 դատավորներ Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ «թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերները»։
«Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց»,- նշել է լրատվականը։
Դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, որը ՄԻՊ նշանակվելուց հետո հայտարարել էր, որ առաջին հնարավորության դեպքում կայցելի Արցախ:
2023 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արցախի բնակիչներին կենսաթոշակների վճարման կարգի և մեխանիզմների մասին օրինագծին, ըստ որի՝ Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած արցախցի բռնի տեղահանվածների կենսաթոշակները կհաշվարկվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան 2029 թվականից։