ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում և մեղադրել նրան երկակի ստանդարտների համար, տեղեկանում ենք X-ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգից:
«Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է ուկրաինացի այս պատգամավորն արդարություն պահանջում աշխարհից Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարադատությունը տեսնել էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների, Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ինչպե՞ս չես ամաչում, Գոնչարենկո, երբ ես Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ»,- գրել է Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ 2021 թվականին, երբ ինքը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ելույթ էր ունեցել Ադրբեջանի «ռազմավարի պուրակի» մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը ցուցադրում էր հայ ռազմագերիների մանեկենները, ուկրաինացի պատգամավորը բողոքել էր նիստը նախագահողին, որ նա Մարուքյանին թույլ է տվել պաստառներով հանդես գալ, իսկ իրեն՝ ոչ։
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում հանդես էր եկել պրոադրբեջանական ելույթով։ Նա նշել էր, որ Ադրբեջանը ԵԽԽՎ անդամ է 2001 թվականից, և այսօր ոչ թե Ադրբեջանում իրավիճակը վատթարացել է, այլ այս երկիրն ընդամենը վերականգնում է տարածքային ամբողջականությունն ու փորձում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Դիմելով ադրբեջանցիներին՝ ուկրաինացի պատգամավորն ասել էր, որ նրանք ազատ աշխարհի մի մասն են, խնդրել էր նրանց թողնել զգացմունքները մի կողմ և պատվիրակությամբ վերադառնալ ԵԽԽՎ:
Հունվարի 22-ին ԵԽԽՎ-ն վիճարկել էր ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ կապված սեպտեմբերյան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, քաղբանտարկյալների մեծ թվի և նախագահական ընտրություններին դիտորդական վեհաժողովի հրավեր չլինելու հետ:
Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը վեհաժողովում և իր լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունն անվանել «Ադրբեջանի ներկայիս ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձ»: Նույն օրը ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։