Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են կնքել, հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
«Մեր երկրները պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ են։ Մենք ոչ միայն հարևաններ ենք, այլև լավ գործընկերություն և համագործակցություն ունենք բոլոր ուղղություններով։ Դե ֆակտո ռազմավարական գործընկերներ ենք եղել, ինչն այժմ պաշտոնապես ձևակերպվել է»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Փաշինյանը ստորագրված փաստաթուղթը Երևանի և Թբիլիսիի «ջանքերի ձեռքբերում» է անվանել։
«Այս ձեռքբերումը մեր վերջին տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է: Այն արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասալցությունը»,- հավելել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել են շարունակել հայ-վրացական սահմանի սահմանազատման աշխատանքները։
«Պայմանավորվել ենք գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ վրաց գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև քայլերը, որոնք միտված են տարածաշրջանային հաղորդակցության բարելավմանն ու խորացմանը։
«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցակետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- նշել է վարչապետը:
Փաշինյանն աշխատանքային այցով հունվարի 26-ին ժամանել էր Վրաստան: Այսօր կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: