ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի և ակնկալում է Բաքվից նույնատիպ երաշխիքներ։
«Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ, մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ՝ երկարատև և անշրջելի, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»,- ասել է նա բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
Փաշինյանի կարծիքով՝ «որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և չի ունենալու» դիրքորոշումը պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: Նա ավելացրել է, որ դրա համար Հայաստանն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա ճանաչվել է միջազգային հանրության կողմից, «Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ»։
Նա հիշեցրել է Բաքվին ուղղված Երևանի առաջարկները մի շարք միջոցներ ձեռնարկելու համար, որոնք թույլ կտան անվտանգության երաշխիքները հայ-ադրբեջանական սահմանին։
«Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության ներքո:
«Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- թվարկել է նա Հայաստանի առաջարկած միջոցառումները։