Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) նախազգուշացրել է Օտտավան Անկարայի ռազմական հանցագործություններին մասնակից դարձնելու վտանգի մասին և կոչ է արել Կանադայի իշխանություններին վերանայել Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոյի վերացման որոշումը։
«Վերացնելով զենքի մատակարարման էմբարգոն ՝ Կանադան միայն համարձակություն կտա նախագահ Էրդողանի ռեժիմին և կրկին կվտանգի մեղսակից դառնալ թուրքական վարչակարգի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործություններին, որոնք վտանգում են հայերի, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության այլ խմբերի կյանքը»-ասվում է հայտարարության մեջ:
ANCC-ն ընդգծել է, որ զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի արժեքներին, այլև անտեսում է հայ ժողովրդի ու այլ բնակիչների դեմ շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվում և աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից։
2021 թվականի ապրիլին Կանադայի իշխանությունները հետ էին կանչել Թուրքիային կանադական սպառազինությունների և տեխնոլոգիաների արտահանման ավելի վաղ տրված թույլտվությունները, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանք կիրառելու ապացույցներ էին ստացել։ Հունվարին ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտնել էր Կանադայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի շրջանակներում Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոյի հնարավոր վերացման մասին: