Վրացագետ Ջոնի Մելիքյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն սպասված է համարում: Armenia Today-ի հետ զրույցում նա նշեց, որ 1-1,5 տարի Վրաստանում եղել են ներքաղաքական տարբեր պրոցեսներ, այդ թվում՝ իշխող թիմի վարկանիշային անկումը, որոնք էլ բերել են նման զարգացումների:
Փորձագետի խոսքով՝ կառավարության և մերձիշխանական որոշ բիզնես ներկայացուցիչների չարշահումների դեպքերով մեղադրանքներ կան: Այս ամենի հանրագումարը բերել է նման զարգացումների:
«Այդ ամենի ֆոնին, երբ անցած տարվա վերջին Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ ակտիվ քաղաքականություն՝ ղեկավարելով իշխող կուսակցությունը և դառնալով պատվավոր նախագահ, պարզ էր, որ որոշ կադրային փոփոխություներ կլինեն, ինչից չէր խուսափի նաև վարչապետը, ուղղակի հարց էր, թե երբ կլիներ այդ ամենը»,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա՝ թե՛ փորձագետների, թե՛ վարչապետ Ղարիբաշվիլու սպասելիքն այն էր, որ դա կլինի ամռան սկզբին, երբ նոր նախընտրական փուլն էր սկսվելու, բայց որոշ գործընթացներ արագացրին պրոցեսները, հետևաբար՝ իշխող մեծամասնությանը հոկտեմբերին կայանալիք ընտրությունների կտանի նոր ձևավորվող թիմը:
Վրացագետի խոսքով՝ այս թիմն ամեն ինչ պետք է անի, որ մնա իշխանության ղեկին և շարունակի աշխատել: Նա նշեց, որ ներքաղաքական պրոցեսները Վրաստանում ակտիվ են ու ավելի կակտիվանան: Ընդդիմությունը, փորձագետի խոսքով, ունի դաշինք կազմելու խնդիր. տարբեր փոքր ու միջին կուսակցությունները, լինելով ընդդիմախոս, դաշինքներ կազմելու ուղղությամբ շատ մոտիվացված չեն:
«Որոշները, սպասելի է, որ կմիավորվեն Սաակաշվիլու կուսակցության շուրջ: Նախկինում, ովքեր տարբեր պատճառներով լքել են այդ կուսակցությունը, այսօր իրենց նոր ստեղծած քաղաքական միավորումներով կարող են է՛լ ավելի շատացնել խորհրդարան անցնելու շանսերը։ Հիշեցնեմ՝ այս ընտրությունները կուսակցությունների 5 տոկոսանոց անցողիկ շեմով են լինելու, իսկ դաշինքների՝ 7 տոկոս, ուստի, ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ շեմը գրեթե հանված էր և շատ մինիմալ, շատ կուսակցություններ էին անցել խորհրդարան՝ 10-ից ավելի, ուստի նորում մաքսիմում կլինի 5 կուսացություն»,- պարզաբանեց փորձագետը:
Նրա կանխատեսմամբ՝ կուսակցության առաջիկա նիստում Ղարիբաշվիլին կդառնա կուսակցության նախագահ, իսկ Կոբախիձեն կառաջադրվի վարչապետի պաշտոնում, որը պետք է 2 շաբաթվա ընթացքում առաջարկի իր թիմը, որտեղ, հավանաբար, կփոխվեն և՛ ՊՆ, և՛ ԱԳ նախարարները:
Մելիքյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունը մոնոլիտ չէ, ներառում է տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք ձևավորված են տարբեր մարդկանց շուրջ, հետևաբար՝ ինչ-որ խմբի ուժեղանալը բերում է մյուս բոլորի դժգոհությանը: Հիմա փորձ է արվում վերաբալանասավորելու թիմի ներքին իրավիճակը:
«Նոր թիմով իրական աշխատանքն այս կես տարվա ընթացքում և իրենց բոլոր ռեսուրսով ու բոլոր հնարավորություններով իշխանություններին կարող են տալ 50-60 տոկոս քվեներ: Նրանք այսպիսով կարող են դառնալ ոչ միայն պառլամենտական, այլ նաև սահմանադրական մեծամասնություն: Իսկ դա նշանակում է, որ 150 տեղից 101-ը պետք է իրենցը լինի: Ունեն բավականին լուջ հավակնություններ, տեսնենք՝ ինչպես կլնի»,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա՝ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու պարագայում հնարավոր կդառնա երկրի նախագահի ընտրություն կազմակերպել, սակայն մինչև այս տարվա վերջ Սալոմե Զուրաբիշվիլին միևնույն է, կմնա այդ պաշտոնին:
Վրաստանի օրենսդրությամբ՝ նախագահին կընտրի 300 մարդ, դրա կեսը խորհրդարանն է, իսկ մյուս կեսը՝ ՏԻՄ-ը: Վրացագետը համոզված է, որ «կառաջադրվի ավելի լոյալ և իշխանությունների շահերը ներկայացնող անձ՝ ի տարբերություն այսօրվա նախագահի»:
Հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր զբաղեցրած պաշտոնը թողնելու որոշման մասին։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 և 2021-2024 թվականերին։ Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցությունից է, որը երկրում իշխում է 2012 թվականից: