Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծողներին, հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։
«Դեսպանատունը հույս է հայտնում, որ այդ գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է հաղորդագրությունում։
Դիվանագիտական առաքելությունը տեղի ունեցածն անվանել է ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների, այդ թվում՝ ավելի քան 100 հազար հայերի հիշատակի նկատմամբ բացահայտ ծաղրանքի արտահայտություն։
«Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ թե Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշահամալիրում դրված ծաղկեպսակները, այլ այն խորհրդանշող հայ ժողովրդի լավագույն հատկանիշների նկատմամբ հարգանքի տուրքն և երախտագիտությունը»,- նշել են դեսպանությունից։
Դեսպանատունը նաև ընդգծել է հայ հասարակության կողմից հուշարձանի նկատմամբ նման գործողությունների անընդունելի լինելը, ինչի մասին վկայում է սոցիալական ցանցերում զանգվածային վրդովմունքը։
Telegram-ի ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որում մի տղամարդ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշահամալիրի մոտ դրված ծաղկեպսակները շուռ էր տալիս։ Տեսանյութում լսվող ձայնը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե «ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել» և հարց էր տվել՝ «իսկ կա՞ փաստաթուղթ, որ Լենինգրադում շրջափակում է եղել»:
Հունվարի 30-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել հուշարձանի պղծման գործը։ Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր հուշարձանի տարածք։ Հունվարի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ, հուշարձանի մոտ ծաղկեպսակներ չեն եղել։