ՔՊ-ի ներսում կա մի խումբ, որը դեմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մտադրությունը և փորձելու է զգուշորեն պայքարել դա կանխելու համար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով թերթի ՔՊ-ական աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է ոչ միայն չեղարկել Անկախության հռչակագիրը, այլև «իր պատկերացրած չորրորդ հանրապետության Սահմանադրությունը գրել զրոյից»։
«Չնայած Փաշինյանը թիմում բաց խոսակցություն չի ունեցել այդ մասին, սակայն խմբակցության իր էմիսարների միջոցով դիվանագիտորեն դրա լոբբինգն են սկսել, ինչն անհանգստություն է առաջացրել այն ՔՊ-ականների շրջանում, որոնք իսպառ զրկված չեն հայրենիքի զգացողությունից»,- գրել է թերթը։
Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ պահպանելով խորհրդարանական ներկայիս ձևը։ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ «չափազանցություն» էր անվանել այն հայտարարությունները, թե երկրի իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեից հետո փոփոխություններ էին կատարվել երկրի հիմնական օրենքում, ըստ որի՝ նախագահական կառավարման ձև ունեցող երկրից Հայաստանը դարձել էր Խորհրդարանական հանրապետություն, ինչի արդյունքում երկրում իրական իշխանությունն անցել էր խորհրդարանին։ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքներով։