Երևանի և Բաքվի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն, «Արմենպրես»-ին հայտնել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ նա նշել է, որ թեմայի շուրջ «շատ անկեղծ զրույց են ունեցել Թուրքիայի հետ»։
«Խոսել ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում»,- հավելել է Կոլոմինան։
Նա խոսել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման մասին և նշել, որ Երևանը որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն «քաղաքական ներգրավվածության և նվիրվածության նշան» է։
«Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային են: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում»,- նշել է նա։
Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Կոլոմինային, նրա հետ քննարկել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը։ Ադրբեջանը նախագահական ընտրությունների պատճառով որոշել էր հետաձգել նրա այցը Բաքու։