Չարաշահումների գործով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին չեն հարցաքննել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով, որովհետև քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, անձը չի կարող մեղավոր համարվել։
«Պետք է հիշեցնեմ, որ երբ երեք տարի առաջ՝ 2021 թվականի հունվարի 29-ին, առաջին անգամ եկան Էկոնոմիկայի նախարարություն, 3 տարի հետո այն մարդիկ, ովքեր ձերբակալվել էին, բերման էին ենթարկվել, նրանց վերաբերյալ մինչ այժմ էլ չկա դատական վճիռ։ Այսինքն՝ պետք է սպասենք գործընթացներին»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ հայտարարության առաջին դրվագում, որը վերաբերում է նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, երկու կարևոր բառ բացակայում է՝ «կաշառք» բառը և որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանքը։
«Այսինքն՝ այդ դրվագով բյուջեի միջոցները չեն ծախսվել, որ հետո գնանք հասկանանք, թե ոնց է ծախսվել։ Ինձ համար մի քիչ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում չարաշահում»,- ասել է Քերոբյանը։
Նա վստահություն է հայտնել, որ թե՛ դատարանը, թե՛ քննությամբ կպարզվեն, որ գնումների և դրան փոխկապակցված օրենքների մասով որևէ խախտում չկա․ «Պետք է սպասենք, որ Քննչական կոմիտեի գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»։
Նախարարը հավելել է, որ գործի առաջին դրվագի մասով ծրագրի մասին իրեն մանրամասն զեկուցել են, որովհետև կառավարության միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ մաս է։
«Իսկ մյուս ծրագրերի վերաբերյալ ինձ պարբերաբար ընթացքի մասին զեկուցվում է, և ես խստիվ հանձնարարել եմ մնալ օրենքի շրջանակներում և ավելի քան վստահ եմ, որ հենց այդպես էլ կա»,- նշել է նախարարը։
Քերոբյանը ընդգծել է՝ բացառվում է, որ կոռուպցիոն շղթան իրեն հասնի։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։