Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայման է անվանել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Ալիևի՝ Բաքվի համար Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակն է «վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին», ինչը կլինի բանակցային գործընթացի «տրամաբանական ավարտը»։
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանն Ալիևը հայտարարել է, որ Երևանի հետ դե ֆակտո խաղաղություն կա, քանի որ «սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է տիրում»։
Ալիևի խոսքով՝ ՀՀ Անկախության հռչակագիրն «ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»։
Ըստ նրա՝ Հայաստանի մի շարք իրավական փաստաթղթեր նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։
Նա հավելել է, որ միջազգային ատյաններում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված մեղադրանքների հիմքում ընկած են այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայկական կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը չճանաչելը, Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից։
Ալիևն ընդգծել է, որ այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի արագ ավարտի համար։
Հունվարի 29-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «գործնական նշանակություն չունեցող առաջարկներ» էր անվանել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու և Բաքվի հետ չհարձակման պայմանագիր կնքելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Բաքուն «քաղաքական մանիպուլյացիա» էր անվանել այն պնդումը, թե Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության գործընթացին և ասել, որ Ադրբեջանը «Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։
Հունվարի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն խնդիր է համարում Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղմանը: Միևնույն ժամանակ՝ Միրզոյանն ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ որևէ դրույթ կամ պահանջ չկա: