Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դեմ է արտահայտվել Սահմանադրության հաճախակի փոփոխություններին և Սահմանադրությունը «սրբազան կովի» վերածելուն:
«Ես միշտ դեմ եմ եղել շաբաթը մեկ Սահմանադրություն փոխելու փորձերին, ես դեմ եմ նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն, որովհետև այն ապրող փաստաթուղթ է և պետք է անընդհատ ապրի և զարգանա»,- ասել է նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Վարդանյանի խոսքով՝ այնուամենայնիվ, Սահմանադրությունը փոխելու որոշումը սահմանադիրն է կայացնում, որն էլ քվեարկելու է հանրաքվեին:
«Առնվազն 2018 թվականից սկսած՝ մշտապես քննարկվել է, որ եթե նույնիսկ տեքստը մնում է նույնը, մենք, այդուհանդերձ, պետք է հասկանանք քաղաքացիների կամքն իրո՞ք այսպիսին է՝ ունենալ այսպիսի Սահմանադրություն, թե՞ ոչ»,- նշել է նա։
Նա հավելել է, որ այս պահին քննարկվում է միայն գաղափարը, որի շրջանակներում սահմանադրական բարեփոխումների խորհրդում այդ հարցը կքննարկվի:
Պատգամավորը հավելել է, որ ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող և չպետք է ընդունվի։ Այսպես է նա մեկնաբանել ընդդիմության մեղադրանքներն այն մասին, որ նոր Սահմանադրությունն Ալիևի կողմից է պարտադրվում Հայաստանին:
«Պետք է անդրադառնանք ոչ թե այն տեսանկյունից, որ վա՜յ, ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է ասել, ինչ որ տեղ ճնշում կա, այլ պետք է հասկանանք՝ պետության զարգացումը համահո՞ւնչ է համաշխարհային զարգացումներին, և արդյոք մեր սահմանադրական մակարդակում ունե՞նք այն բոլոր անհրաժեշտ կանոնակարգումները, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա զարգացման համար, և արդյոք Սահմանադրության մեջ կա՞ն դրույթներ, որոնք, օրինակ, խոչընդոտում են այս կամ այն իրավական գործընթացին»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։