ԲՀԿ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և մի խումբ համախոհներ մտադիր են կուսակցություն ստեղծել։ Վերջին օրերին Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել, որպեսզի հասկանան` հանրության շրջանում կա՞ նոր քաղաքական ուժի պահանջարկ, Armenia Today-ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
– Ինչո՞ւ որոշեցիք նոր կուսակցություն ստեղծել։
– Մեկ շաբաթ առաջ իմ ընկեր ու գործընկեր Գևորգ Պետրոսյանի հետ նոր շարժման մասին ասուլիսում անոնս-հայտարարություն արեցինք։ Այս պահին խոսքը կուսակցության մասին չէ, մենք փորձում ենք մեր համակիրներով ու համախոհներով մեկ շարժման մեջ միավորվել։ Նրանց շարքերում կան զոհվածների ծնողներ, հանրային գործիչներ, ովքեր որևէ կուսակցությունում չեն, բայց հանրային ազդեցություն ունեն։
Մենք գնում ենք մարզեր, հանդիպումներ ենք ունենում հանրության, տարբեր հանրային գործիչների հետ, փորձում ենք լսել նրանց տեսակետը և հասկանալ, թե այս իշխանության դեմ պայքարի ի՞նչ առավել օպիտիմալ շարժումներ, ֆորմատներ կարելի է մտածել, որովհետև այս իշխանության հետ պայքարը, իմ վստահ համոզմամբ, պետք է լինի ցանցային։ Մենք չպետք է ընդդիմադիր բևեռներով, կուսակցություններով իրար դեմ պայքարենք, ինչը, ցավոք, մեր ընդդիմադիր դաշտի հիմնական օրակարգն է։
– Այսինքն` դուք փորձում եք հավաքվել, շարժում սկսել, հետո նոր կուսակցությո՞ւն ստեղծել։
– Այո՛, եթե ընտրական պրոցեսի պետք է մասնակցենք, շարժումով չենք կարող, պետք է մասնակցես արդեն քաղաքական կուսակցությունով, և դա ամենահեշտ տարբերակն է։ Այսօր Արդարադատության նախարարությունում 92-ից ավելի կուսակցություն կա, որից առնվազն 80-ը «մեռյալ» կուսակցություններ են, ամենահեշտ բանը կուսակցություն գրանցելն է, բայց ես չեմ ուզում, որ մենք դառնանաք գրանցված հերթական կուսակցություններից մեկը, մենք պետք է ունենանք հանրային վստահություն։
Ի դեպ, քննարկումներ ենք անում տարբեր գործիչների հետ, անհրաժեշտ է հավաքվել և հասկանալ մեր լիդերշիփի թիմը, որից հետո միայն նոր հանրային հայտ ներկայացնենք։ Այս պահին դեռ նախնական քննարկումներ են, չեմ ուզում փակագծեր բացել և վերջնական որևէ բան ասել, որովհետև չի բացառվում, որ երբ ավարտենք մեր մարզային հանդիպումները, օրինակ՝ գանք այն եզրակացության, որ հասարակությունը չի ուզում նոր շարժում։ Չնայած ես այդ կարծիքին չեմ, որովհետև բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության 85 տոկոսը ռեալ փոփոխություն է ուզում, պարզապես ակնկալում է մարդկանց, ովքեր ճանապարհի կեսից իրենց մենակ չեն թողնի։
– Կա՞ն հասարակական գործիչներ, ովքեր պատրաստ են համագործակցել ձեզ հետ։
– Այո՛, կան, ուղղակի անուններ չեմ տա, որովհետև իրենց թույլտվությունը չունեմ։ Բայց իրենք և՛ քաղաքական, և՛ մշակույթի գործիչներ են, և՛ հոգևորականներ, բացի այդ` հանրային սեկտորում շատ ակտիվ են։ Պարզապես «մինչև առուն թռնելը հոպ անելն» իմ քաղաքական ձեռագիրը չէ։ Հիմա մեր երկիրն այնպիսի իրավիճակում է, որ քաղաքական ավանտյուրաների ժամանակը չէ։ Ունենք վճռական որոշում, որ եթե 100 տոկոս վստահություն չունենանք, ու եթե մեր շարժումն առնվազն որոշակի բեկում է բերելու հանրային այս ապատիկ տրամադրությունների մեջ, ուրեմն ավելի լավ է չանել, քան հանրության ապատիան ևս մեկ փուլով խորացնել։
– Դուք վերջին տարիներին բավական ակտիվ մասնակցություն եք ունեցել ընդդիմության տարբեր ուժերի կողմից կազմակերպված շարժումներին, բողոքի ակցիաներին, ինչո՞ւ հիմա որոշեցիք առանձին շարժումով հանդես գալ, այլ ոչ թե լինել մեկ այլ կուսակցության, օրինակ՝ ՀՀԿ-ի հետ։
– Շատ պարզ պատճառով։ Նախ՝ մեր քաղաքական դաշտի այս հիվանդությունը, հիվանդագին ամբիցիաները, որ դու ինչ-որ ժամանակ այսինչ բանն ես ասել, թույլ չեն տալիս, որ մարդիկ մի կողմ դնեն ամբիցիաները և փորձեն իսկապես այս օրհասական պահին միավորվել։ Այսօր ես «Հանրապետական» կուսակցությունը համարում եմ մեր ընդդիմադիր գեներատորը, առանցքային կուսակցություններից մեկը` անկախ նրանից, թե այնտեղ ում ինչպես եմ վերաբերվում։ Ես ինքս նրանց ամենաուժեղ քննադատներից մեկն եմ եղել և, այո՛, այդ կուսակցությունում եղել են վիժվածքներ, որոնք ապականել են կուսակցությունը և հիմա նրանց գերակշիռ մեծամասնությունն այս իշխանության գրպանում է։
Իսկ առանձին շարժում սկսելը բնավ չի նշանակում առճակատում ընդդիմադիր որևէ բևեռի հետ։ Եթե, ի վերջո, հանրագումարում ընտրական շեմին ընդդիմադիր դաշտը չմիավորվի մեկ ճակատում և բոլորը գնան առանձին-առանձին, Նիկոլն էլի շահելու է։
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իսկապես պատրաստ են մի կողմ դնել ամբիցիաները, որոնք պատրաստ են ինքնամաքրվել, իրենց հետ պատրաստ ենք։ Որովհետև ես շատ եմ քննադատել և քննադատում եմ խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է ընդդիմությունն իր շարքերից չմաքրել ոմանց, ովքեր Նիկոլի հետ քննադատում են բարդ համադասական նախադասության մեջ ստորակետի հարցը։ Գուցե շատերն ինձ մեղադրեն ծայրահեղական ռադիկալ լինելու մեջ, բայց այս փուլում մենք պետք է ապրենք «մահապարտ սամուրայի» օրենքներով, որովհետև երկիրը կանգնած է կործանման շեմին։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարեց, որ այժմ ինքը, ըստ էության, ավարտում է Երրորդ հանրապետությունը և փորձում է ստեղծել Չորրորդ հանարպետություն, որտեղ եկեղեցին հավասար իրավունք կունենա, ինչ սատանիստական որևէ կազմակերպություն։ Ես այդպիսի Չորրորդ հանարպետություն չեմ ուզում։
– Եթե արտահերթ ընտրություններ լինեն, մասնակցելո՞ւ եք։
– Այո, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ ես էլ, իմ գործըենկերներն էլ հանրային մեծ լսարան ունենք։ Ի վերջո, տեխնիկայի այս դարում պետք չէ սոցիոլոգիական հարցումներ անել, թե այս կամ այն գործչին քանի մարդ է լսում, հանրային ինչ լսարան ունի։ Հիմա կա յութուբը, որտեղ բացում, նայում եք, թե որ գործիչը քանի դիտում ունի։
– Շատ ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ առաջիկայում նախատեսում են փողոցային պայքար։ Եթե սկսվի նման պայքար, դուք կմասնակցե՞ք։
– Եթե այդ փողոցային պայքարը չի ավարտվելու ֆանարիկներով պարով և սիթի տուրերով, որովհետև ժողովրդին միտինգ պետք չէ, ժողովրդին հարթակից ասվող խոսքեր պետք չեն, ամեն ինչ վաղուց ասված է։ Ժողովրդին պետք են վճռական գործողություններ, որոնք, բնավ, չեն նշանակում հակաօրինական գործողություններ։ Նույն մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում հստակ նշված է, որ եթե իշխանությունների անօրինականության դեմ սահմանադրություններն ու օրենքներն անզոր են, ժողովուրդն իրավական և օրինական իրավունք ունի ապստամբության. այն, ինչ ասում էր Արարատ Միրզոյանն ԱԺ դահլիճում։
Այնպես որ, եթե մանկական կապրիզներ և ամբիցիաներ չեն լինելու, իհարկե, կլինենք ցանկացած շարժման կողքին, որի հիմքն ազնիվ մղումն է։