Մեծ ցավ եմ ապրում, որ դուք հիմա ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ, դա մեծագույն սխալ է, որը 30 տարի վարվող քաղաքականության արդյունք է, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Մեր ապագա սերունդներն ու մենք պետք է ունենանք ամենագլխավոր ու ամենակարևոր երազանքը, դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է։ Ոչ թե գնանք այն ծրագրով, որը մեզ համար գրվել է տարիներ առաջ և դրվել է մեր տակ, որպեսզի մենք ինչ-որ պահի, երբ պետք լինի այդ ծրագիրը ներդրողներին, կորցնենք ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող»,- ասել է Ալեքսանյանը։
Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ եթե ինչ-որ պահի Արցախը հետ բերենք, Ադրբեջանն էլի հզորանալու է ու հարձակվի։ «Երբ դուք ասում եք՝ պետք է սերունդները լինեն երազանքով, որ Արցախը հետ բերեն, պատկերացրեք՝ ինչ-որ պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է լինում, մենք էլ հետ ենք բերում։ Հետո ի՞նչ է լինում․ հետո լինում է այն, ինչ 1991-ից մինչև 2020 թվականն է տեղի ունեցել, հետո կրկին Ադրբեջանն է հզորանում ու միջազգային ամբողջ լեգիտիմությունն ունենալով՝ նորից է հարձակվում ու հետ նվաճում, հետո՞»,- հավելել է նա։
Ալեքսանյանը չի մեկնաբանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալման լուրը: Նա ընդգծել է, որ Սիմոնյանը որևէ խնդիր չունի թիմի հետ։ «Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է, ՀՀ ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի»,- ասել է Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։