Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՊՆ իր աղբյուրներին:
Քոչունցը նշանակվել էր ԳՇ պետի առաջին տեղակալ 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի զբաղեցրել էր ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։
Թերթը հայտնել է, որ զինվորականների խորհրդով՝ Փաշինյանը ԳՇ պետի առաջին տեղակալ կնշանակի ԳՇ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին։
Բացի այդ, ՀՀ զինված ուժերի օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը։
Լրատվականը հայտնել է, որ Փաշինյանն այսպիսով ԳՇ-ից «ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում»։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 32-րդ տարեդարձին, վարչապետն իր ելույթում ասել էր, որ բանակի ինտելեկտուալ խորությունն ապահովելը մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ է և պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրան: Ի թիվս այլ բարեփոխումների՝ նա առանձնացրել էր նաև զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ պահանջները և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանը: