Նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին զուգահեռ՝ ՔՊ անդամները նախընտրական եռուզեռի մեջ են, գրել է «Հրապարակ»-ը: Ըստ թերթի՝ նրանք տարածքներ են փնտրում, որ հանրաքվեի համար նախընտրական շտաբներ բացեն։
Թերթին հասած լուրերի համաձայն՝ Շիրակում նրանք փորձել մի տարածք վարձակալել։ Սեփականատիրոջն ասել են, որ ընդամենը 4 ամսով է պետք, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձելու է առաջիկա 4 ամսում կյանքի կոչել սահմանադրական հանրաքվեն։
Լրատվականը գրել է, որ, հավանաբար, ՔՊ անդամներից ոչ բոլորն են տեղյակ այս ամենին, քանի որ երեկ մի քանիսը հերքել են շտաբներ բացելու մասին լուրերը։ Միևնույն ժամանակ՝ թերթի տեղեկություններով, Գյումրիում փոխվել է ՔՊ գրասենյակը, այն «մոտեցել է» մարզպետարանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։