Բլոգեր Վարդան Ղուկասյանը (հայտնի որպես «Դոգ») հայտարարել է, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ նիստին:
Նրա խոսքով՝ խմբակցությունը քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Ղուկասյանը նաև հայտարարել է, որ շանտաժներ և ճնշումներ են գործադրվում ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստն ամեն գնով կայանա:
«Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը»,- հայտարարել է նա:
Երևանի ավագանին երկու օրով հետաձգել էր փետրվարի 5-ին նախատեսված արտահերթ նիստը, որի օրակարգում էր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի լիազորությունների վաղաժամ դադարեցման հարցը: Այն կգումարվի 2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին: