Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման օրակարգի քողի տակ, ագրեսիայի համար արհեստական հիմքեր են ստեղծում, հայտարարել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար»,- ընդգծել է նա։
Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որ այն, իբր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ն է և «օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից»։ Ընդ որում՝ Աշտարակի հետ միասին, յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք «5-րդ դարի թյուրք-ալբանական հուշարձաններ են»։
Իբր հայերն այստեղ «բնակեցվել են 1828 թվականից Ռուսական կայսրության կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո»։
«Իրականում՝ այս ծրագիրը հատուկ մշակված պետական քաղաքականություն է։ Այն ոչ միայն չի նվազել, այլ նաև ինտենստիվ առաջ է տարվում։ Սա արվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությամբ»,- շեշտում է ՀՀ նախկին ՄԻՊ-ը։
Նա գտնում է, որ անհրաժեշտ է բացահայտել ադրբեջանական կեղծ տվյալները և ցույց տալ, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղության մտադրություն չունի։ «Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց հանցանքները և զուգահեռ նախապատրաստվեն նոր հանցանքների»,- եզրափակում է Թաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։