ՔՊ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը: Հրապարակման համաձայն՝ կուսակցությունը պատճառաբանել է Սիմոնյանի հետ կապված սկանդալները:
Թերթի տեղեկությամբ՝ կուսակցությունը մատնանշել է Սիմոնյանի ընտանիքին պատկանող Freenews հեռուստաընկերության 23,3 մլն դրամի պարտքը Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին, որը դեռևս մարված չէ:
Մեկ այլ պատճառ ՔՊ-ն բերել է Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալությունը, որին մեղադրում են «պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում»:
ՔՊ անդամները հիշեցրել են 2023 թվականի ապրիլին տեղի ունեցած միջադեպը, երբ Սիմոնյանը թքել էր քաղաքացու դեմքին և «մնացել անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձևավորված խիստ դժգոհություններին»։
«ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձևավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում»,- գրում է «Ժողովուրդ»-ը։
Լրատվականը կապ է հաստատել ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանի հետ՝ վերջին աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը պարզելու համար։ «Որևէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,- նրա խոսքը մեջբերում է թերթը։
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով յոթ անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ պաշտոնանկ փոխնախարար Անի Իսպիրյանին և ԱԺ նախագահ Գևորգյանի եղբոր կնոջը, որոնց դատարանը երկու ամսով կալանավորել է: