Նա նշել է, որ իշխանությունների կողմից փորձ է կատարվում իրականացնել սահմանադրական հեղաշրջում, որպեսզի ավելացնեն Բաքվի ու Անկարայի ճնշումը: «Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորում»,- ասել է նա:
Չալաբյանը հավելել է, որ որ Սահմանադրության ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները, ինչպիսիք են ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։
Չալաբյանը նշել է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
«Փաստացի, Արցախը թշնամուն սկուտեղի վրա հանձնելուց հետո, նույն թշնամու անմիջական հրահանգով, նրանք ցանկանում են ժողովրդին շանտաժի ենթարկելով հաստատել հակասահմանադրական այնպիսի կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը: Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում օտարել հայությանն իր իսկ կողմից ստեղծած պետությունից, զրկել նրան իր պատմական իրավունքներից և մշակութային ժառանգությունից, վերացնել հայ մարդու հիշողությունն ու արժանապատվությունը՝ իր պատմական հայրենիքում, որպես լիարժեք քաղաքացի ապրելու նրա բնական իրավունքը»,- ընդգծել է նա:
Չալաբյանը հայտնել է, որ «Հայաքվեն» հետևողականորեն շարունակելու է պայքարը և կոչ է արել շահագրգիռ ուժերին միավորվել իրենց հետ, որպեսզի թույլ չտան պետության կազմալուծումը:
«Գիտակցելով մեր երկրի անկախության դեմ պայքարող ուժերի հսկայական կարողությունները և անսահման նենգությունը՝ կոչ ենք անում իրապես ազգային բոլոր ուժերին և մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին վճռականորեն միանալու այս պայքարին՝ թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը մեր երդվյալ թշնամիների կողմից»,- եզրափակել է Չալաբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։