Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ քննարկել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի՝ Արցախ վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական, իրավական վիճակի և մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի և առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության և Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները: Որոշվել է շարունակել նման հանդիպումները։
Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարեր գոյություն ունենալ։ Դեկտեմբերի 22-ին նախագահը հայտարարել էր հանրապետության օրենսդրական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։