Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտնել է, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը, որը համարվում է կառավարության ներդրումային ծրագիր, կանգնած է սնանկության և գործունեությունը դադարեցնելու եզրին։
Նա նման իրավիճակի պատճառ է համարել պետական միջոցների ոչ նպատակային վատնումը և ավիաընկերություններին արտոնությունների տրամադրումը, որոնց սեփականատերերը մոտ են իշխանությանը:
Ավետիսյանի խոսքով՝ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է սնանկացման և գործունեությունը դադարեցնելու եզրին։
«Սա այն դեպքում, երբ այս իշխանության սրտի օլիգարխ համարվող անձանց այլ ավիաընկերություններ զուգահեռաբար ստանում են բարձր գերշահույթներ։ Այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները պետք է հանրային կերպով և օր առաջ տան շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված հարցերի պատասխանները, թե ի՞նչ ծավալի չարաշահումներ են առկա, որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացաված միջոցների վերջնական և անվերադարձ կորուստը և, ի վերջո, ովքե՞ր են այս ամենը կոնկրետ ձախողել»,- ընդգծել է Ավետիսյանը։
Նա հավելել է, որ «Ֆլայ Արնան» օտարեկրկրյա ներդրումների հերթական ձախողված ծրագիր է, որն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ պետական մասնակցություն կա:
Նա նշել է, որ 2021 թվականի ավարտին պետական գրանցում ստացած «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունն իշխանություններն օգտագործել են նախընտրական ժամանակաշրջանում իրենց առաջխաղացման համար:
«Իրականում՝ կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պետական բյուջեից հատկացրել է 4 միլիարդ 733 միլիոն դրամ՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի դիմաց։ Ի դեպ՝ այս ներդրումն իրականացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որն ավելի «հետաքրքիր և հայտնի» է դառնում»,- ասել է Ավետիսյանը։
Հունվարի 29-ին «Ֆլայ Արնա»-ն հանդես էր եկել հայտարարությամբ և հայտնել թռիչքների դադարեցման մասին: Որպես թռիչքների դադարեցման պատճառ՝ նշվում են «օպերացիոն փոփոխությունները»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: