Մենք կողմնակից ենք Հայասատանի հզորացմանը և ուժեղացմանը, լրագրողների ու փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ Իրանը կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռությանը: Դեսպանն անդրադարձել է նաև Իրանի ներդրումային ծրագրերին, Ագարակ-Քաջարան ճանապարհին և Հայաստանի լոգիստիկ պոտենցիալին։
Սոբհանին նշել է, որ Հայաստանից Սև ծով, Ադրբեջանով ճանապարհի հետ համեմատ, 2 օրով շուտ կարելի է հասնել։ Նա ավելացրել է, որ առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակություններն այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն:
Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ աջակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Դեսպանը նաև ողջունել է ՀՀ վարչապետի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: «ՀՀ-ի դիրքորոշումը մենք համարում ենք տրամաբանական և միջազգային նորմերին համահունչ: Նաև ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, սակայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերը հաշվի առնելով»,- ընդգծել է Սոբհանին:
Անդրադառնալով ՀՀ-ի հետ հարաբերություններին՝ դեսպանն արձանագրել է, որ վերջին 33 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները վստահելի ու հուսալի են եղել և զարգացման միտում են ունեցել:
«Պատմական և քաղաքակրթական հիմքերը, բարիդրացիական համակեցությունը, մարդկային շփումներն ու հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ երկու երկրների պաշտոնյաների կամքն ու ցանկությունը եղել են այդ հարաբերությունների ամուր հենասյունը»,- նշել է նա:
ԻԻՀ-ի դեսպանը նաև կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության ու ենթակառուցվածքների ոլորտում: