Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները:
Մարությանի մանդատը չեղարկելու օգտին քվեարկել է քաղաքապետարանի 34 անդամ: Ավագանու արտահերթ նիստին մասնակցել է 35 անդամ, այդ թվում՝ «Հանրային ձայն» խմբակցության անդամները, ինչը հնարավորություն է տվել ապահովել քվորում։
Որպես ավագանու հինգ անդամների լիազորությունները դադարեցնելու որոշման պատճառ Տիգրան Ավինյանը մատնանշել է նրանց՝ նիստերին չներկայանալն ու քվեարկություններին չմասնակցելը։
Ավինյանի խոսքով՝ չնայած նրան, որ ավագանու նիստերը բոյկոտելը քաղաքական գործընթաց է, կան օրենքով նախատեսված սահմանափակումներ, որոնք մանդատից զրկված ավագանու անդամները խախտել են:
«Դուք ասում եք, որ 1-2 քվեարկության չեք մասնակցել, բայց խոսքը 42 քվեարկության մասին է: Այսօր քվեարկվում է 2 մարդու լիազորությունների դադարեցումը, որոնք 42 քվեարկությունից 42-ին չեն մասնակցել»,- ասաց Ավինյանը:
Նա հավելել է, որ սա անգործությունը բոյկոտի անձրևանոցի տակ քողարկելու փորձ է:
Նյութը լրացվել է 14:10:
Փետրվարի 2-ին քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այդ օրակարգով արտահերթ նիստը կգումարվի փետրվարի 7-ին:
2023թ. հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն էր։
2023թ. սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։