Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին մայրաքաղաքի ավագանին փետրվարի 7-ին զրկել է ավագանու անդամի մանդատից, հայտնել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։
«Մեր աջակիցները մեզ դիմել են կուսակցություն ունենալու խնդրանքով։ Մենք մեծ թվով աջակիցներ ունենք և շուտով կհայտարարենք կուսակցություն ունենալու մասին։ Կուսակցությունն անպայման պետք է մասնակցի Հայաստանի բոլոր կարևորագույն քաղաքական գործընթացներին։ Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ինչի մասին հայտարարում է իշխանությունը, անպայման մասնակցելու ենք 2026 թվականի ԱԺ ընտրություններին։ Ես լինելու եմ կուսակցության ղեկավարն ու վարչապետի թեկնածու եմ առաջադրվելու»,- հայտարարել է Մարությանը։
Փետրվարի 7-ին Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրել է Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները:
Հունվարի 23-ին ԶԼՄ-ները գրել էին Մարությանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, քանի որ, ըստ հրապարակումների, նա չի կարողանում միանձնյա ղեկավարել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակով նա և իր թիմն անցել են Երևանի ավագանի։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հերքել էր Մարությանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության միջև հակասությունների մասին տեղեկությունները։
2023-ի սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Անցողիկ շեմը հաղթահարել էին «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը»։ Հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո կայացած առաջին նիստում Երևանի ավագանին քաղաքապետ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։