Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ անհայտ ծագման փոխանցումների մասին ԶԼՄ-ների հրապարակումները:
Վարչապետը հայտարարել է, որ այն փաստը, որ լրագրողներին հասանելի են դարձել այդպիսի տեղեկություններ, խոսում է այդ գործարքների թափանցիկության մասին: Նա պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե արդյո՞ք դա համակարգային կոռուպցիայի ապացույց է և, եթե որպես ՔՊ-ի վարչության նախագահ, Փաշինյանը չի կարողացել կուսակցության ֆինանսական թափանցիկությունն ապահովել, ինչպե՞ս է կարելի է վստահ լինել, որ բյուջեի դեպքում կկարողանա ապահովել:
«Բա որ թափանցիկություն չենք ապահովել, այդքան բան դուք որտեղի՞ց գիտեք, Հայաստանի պետական մարմինների հրապարակած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են, բա թափանցիկությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- հարցրել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՔՊ կուսակցության ներսում քննարկում են այդ իրավիճակները և մտադիր են պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:
«Տարբեր գործերով պետական պաշտոնյաների կարգավիճակ ունենալն ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա ՀՀ-ում: Ձեր նշած երևույթների բացակայությունը պիտի հակառակի ապացույցը դառնար: Ձեր նշած փաստերն ինքնին ամենամեծ ապացույցներն են, որ թափանցիկություն ապահովելու բոլոր մեխանիզմները ՀՀ-ում կան և այդ թափանցիկությունը կապահովվի ու ապահովվում է»,- կարծում է վարչապետը:
Վարչապետի կարծիքով՝ այդպիսի դեպքերը վկայում են, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա: «Մի պաշտոնյան և մի անձը չեն կարող թափանցիկություն ապահովել: Դրա համար կան ինստիտուներ, կա իրավապահ համաակարգ, վերահսկող մարմիններ, իհարկե նաև կուսակցությունն ու կուսակցության ղեկավարներն են այդ ամենի պատասխանատուն»,- նշել է նա:
«Ինֆոքոմ»-ը հունվարի 30-ին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերի համար անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Հրատարակությունն ուսումնասիրել է Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը և եզրակացրել, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։
Մանրամասները՝ տեսանյութում: