Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դերն անվանել է «այլընտրանք չունեցող»։
«Այս դերը մեծ է և եզակի: Եվ ամենից առաջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դերը։ Նախ նշեմ, որ Ռուսաստանի և նրա ղեկավարի միջնորդական ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին ինչպես 2020 թվականի նոյեմբերին, այնպես էլ 2023 թվականի սեպտեմբերին»,- դիվանագետը հայտարարել է «Россия-24»-ին տված հարցազրույցում։
«Մոսկվան, Երևանը և Բաքուն ընդհանուր փոխըմբռնման են եկել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանում»,-, հավելել է Գալուզինը։
Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի հիմնական տարածքի միջև Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգծի մասին է։ Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է խորհրդատվական ծառայություններ մատուցել Երևանին և Բաքվին, քանի որ ունի տեղագրական նյութեր և փորձաքննություն այս հարցում։
Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է խաղաղության գործընթացում արտատարածաշրջանային խաղացողների ներգրավման ռիսկերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրամիության գործունեությունն ուղղված է ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլ Ռուսաստանի սահմանների մերձակայքում անկայունության նոր օջախ ստեղծելուն։
Հունվարի 26-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին հայտարարել էր, որ Հարավային Կովկասն արդեն Եվրամիության տարածաշրջան է։