ՔՊ-ն չի մեկնաբանել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտարարությունը։ «Դա Մարությանի որոշումն է»,- ասաց ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Նա հրաժարվեց գնահատել Մարությանի հնարավորությունները խորհրդարան անցնելու համար։ «Շանսերը գնահատելու որևէ բան չունեմ։ Հայկ Մարությանի որոշումն է․ կարող է քաղաքականությամբ զբաղվել և, այո՛, մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 7-ին հայտնել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։
Նույն օրը Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրել էր Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի երեք ավագանու անդամի լիազորությունները:
Հունվարի 23-ին ԶԼՄ-ները գրել էին Մարությանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, քանի որ, ըստ հրապարակումների, նա չի կարողանում միանձնյա ղեկավարել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակով նա և իր թիմն անցել են Երևանի ավագանի։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հերքել էր Մարությանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության միջև հակասությունների մասին տեղեկությունները։