Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հաղթանակ է անվանել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությունը՝ Երևանում տրանսպորտային միասնական համակարգի ներդրման նախագիծը հետ կանչելու վերաբերյալ, նախագիծը ենթադրում է հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում։
«Սա ձեր հաղթանակն է, սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ երևանցիներ»,- նշել է Մարությանը։
Նա հավելել է, որ տրանսպորտի համար քաղաքային իշխանությունը նախագծով պատրաստվում էր աննախադեպ բարձրացնել տրանսպորտի գները։
«Մեր այս բազմատաղանդ քաղաքային իշխանությունը որոշել էր թանկացնել հանրային տրանսպորտը և սահմանել աննախադեպ գներ։ Այսպիսի գներ ամբողջ աշխարհում չկան, նույնիսկ ամենազարգացած երկրներում և քաղաքներում»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։ Նախագծով տրանսպորտի սակագները բարձրանում են, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։
Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է նաև մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։