ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով և ընդգծել, որ Չինաստանի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի առաջնահերթությունների շարքում է, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Սի Ծինփինին ուղղված ուղերձում Փաշինյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ջերմ բարեմաղթանքներ է հղել՝ նշելով, որ չինական Նոր տարին՝ գարնան տոնը, պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։
«Հայ-չինական ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի հետ բազմաբնույթ, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնություններում փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը լիահույս է, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի է՛լ ավելի ընդլայնել և խորացնել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի ակտիվացման միջոցով:
Լի Ցյանին ուղղված ուղերձում նշվում է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ դրանք առավել խորացնելու համար։