Հայաստանը մտադիր չէ խզել անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ին տված հարցազրույցում։ Նա նաև նշել է, որ Երևանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Երևանը պատրաստվում է այս ոլորտում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն հայկական կողմը պատրաստ է և աշխատում է ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Փաշինյանը նշել է, որ այս երկրների հետ անվտանգության հարաբերությունները, մեծ հաշվով, արդեն իրականություն են։
Նա ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության հարաբերություններն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի կամ ԵՄ-ի հետ, բնականաբար, «ուղղված չեն Ռուսաստանի դեմ»։ «Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը չի քննարկել և չի քննարկում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նա ընդգծել է, որ «օրակարգում ՆԱՏՕ-ի հետ կապված նման հարց չկա»։ «Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այստեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա այն վերաֆորմատավորվում է՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն»,- հավելել է նա:
Փաշինյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, եթե նա Հայաստան գա։
«2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում հաստատված իրավակարգ կա, կան իրավական ինստիտուտներ և, բոլոր դեպքերում, Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դատարաններ, Քննչական կոմիտե և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը։
Նշելով, որ Հայաստանում վարչապետն ունի իր լիազորությունները՝ Փաշինյանն ընդգծել է, որ «ոչ մի դեպքում այդ լիազորությունը չի ներառում որոշում՝ անձին կալանավորե՞լ, թե՞ ոչ։ Ամեն ինչ լուծվում է իրավական ընթացակարգերով»։
Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք զանգահարել Պուտինին և խորհուրդ տալ չգալ Հայաստան, քանի որ չի կարող երաշխավորել, որ ՌԴ նախագահին չեն ձերբակալի, Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն իմ խորհրդի կարիքն ունի»։