ՀՀ ՊՆ-ն զորամասերի Փառքի անկյուններում թարմացնում է տպագրական նյութերն ու համալրում դրանք, հայտարարել է Պատպանության նախարարությունը՝ արձագանքելով վերջին երկու օրերին տարածված տեղեկությանը, ըստ որի Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
«ԶՈւ-ն բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են»,- ասված է հայտարարության մեջ:
Armenia Today-ը դիմել է նաև ԿԳՄՍՆ՝ խնդրելով մեկնաբանել Mamul.am-ի հրապարակման տվյալներն առ այն, որ գերատեսչությունը հրահանգել է ապամոնտաժել դպրոցներում Փառքի անկյունները։
«Անհեթեթ սուտ է, չկա նման բան, նման շրջաբերական»,- Armenia Today-ին ասաց ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
Նրա խոսքով՝ չի նշվում որևէ կոնկրետ դպրոցի անուն, որտեղ ապամոնտաժվել են այդ անկյունները, ուղղակի խոսակցություններ են։
Ըստ Մանուկյանի՝ հատուկ ուսումնասիրություն չեն անցկացրել, սակայն հանրապետության դպրոցներում մեծ թափով վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որի պատճառով կարող է նման դեպք լինել։