Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը կոչ է արել երկրին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
«Դաշնային խորհուրդը կոչ է անում Ավստրալիայի խորհրդարանին միանալ ՄԱԿ-ի 34 անդամ երկրներին (ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան և Շվեյցարիան)՝ պաշտոնապես ճանաչելու հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»,- ասվում է կուսակցական քաղաքականության տեքստում:
Կուսակցության փաստաթուղթը ներառել է պարբերություններ, որոնք կոչ են անում Ավստրալիայի խորհրդարանին միանալ հայ, ասորի և հույն համայնքների անդամներին՝ հարգելու Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և ճանաչել քսաներորդ դարասկզբի իշխանությունների մարդասիրական ջանքերը։ Ցեղասպանության ժխտումը դատապարտող ծրագրում հոդվածներ ավելացնելու նախաձեռնողը Լիբերալ կուսակցության երիտասարդական շարժման ղեկավար Դիմիտրի Չագգ-Պալմերն է։
«Սա հսկա քայլ է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Թեև Դաշնային խորհրդի տեսակետները պարտադիր չեն կուսակցության խորհրդարանական թևի համար, այն հստակ և հզոր ուղերձ է ընտրված Լիբերալ խորհրդարանականներին, որ կազմակերպության 80 000 անդամները և ավելի քան 2000 բաժինները կարծում են, որ կուսակցությունը պետք է կանգնի պատմության ճիշտ կողմում և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ANC-AU-ի տնօրեն Միքայել Կոլոկոսյանը։
Ավստրալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել էր Նոր Հարավային Ուելսի (1997), Հարավային Ավստրալիայի (2009), Թասմանիայի (2023), Ավստրալիայի Կանաչների կուսակցության և Լեյբորիստական ու Լիբերալ կուսակցությունների որոշ ճյուղերի կողմից։
2021 թվականի փետրվարին Հարավային Ավստրալիայի Նահանգի խորհրդարանը ճանաչել էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։ 2021 թվականի օգոստոսին 16-ին ավստրալացի քաղաքական գործիչները միացել էին Արցախի բարեկամության խմբին։