Ադրբեջանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Պյոտր Միխալկոյին կանչել են Արտաքին գործերի նախարարություն ու դժգոհել Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից, հայտնում են ադրեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի ԱԳՆ-ում ԵՄ պաշտոնյային «մտահոգություններ են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ»՝ նշելով, որ «այն հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին»։
Ըստ Բաքվի՝ առաքելությունը «նպաստում է Եվրոպական տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ոչ պաշտոնական պատվիրակությունների սահմանային շրջաններ այցերի կազմակերպմանը»: Պաշտոնական Բաքվի կարծիքով՝ այդ այցերը միտված են «Ադրբեջանի նկատմամբ ատելություն տարածելուն»։ Բաքվին դուր չի եկել ԵՄ դիտորդական առաքելության ակտիվությունը հատկապես այն փուլում, երբ, ըստ Ադրբեջանի, «Հայաստանի հետ վստահության կառուցման լուրջ միջոցներ են ձեռնարկում»։
2024-ի հունվարի 18-ին Եվրոպական խորհուրդը որոշել էր ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում։ 2023-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշինքի ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշել է Հայաստանում իր դիտորդական առաքելության թիվը 138-ից հասցնել 209-ի։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում էր մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում:
Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին: Նույն օրը ՀՀ-ում Չեխիայի դեսպանատունը չէր մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին իր քաղաքացու ձերբակալության մասին լուրը։