Երևանի «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա (Ամալյա) Սարգսյանն Armenia Today-ին հայտնեց մանդատը վայր դնելու իր մտադրության մասին: Պատճառները քաղաքական չեն, հարազատ մարդու մահից հետո որոշել է հանգստանալ ու վերականգնել առողջությունը, հստակեցրեց նա։
Սարգսյանը տեղեկացրեց, որ մանդատը վայր դնելու որոշումը հաստատ է, բայց դեռ չի որոշել, թե դիմումը երբ կգրի:
«Վաղը նիստ կա, որը շատ կարևոր է երևանցու համար։ Նիստին կմասնակցեմ, այնուհետև արդեն որոշումս կլինի ավելի հստակ և առանց էմոցիաների։ Որոշումս կայացված է, փոփոխման ենթակա չէ, բայց դիմումս, թե երբ կգրեմ՝ մեկ շաբաթից, 10 օրից, մեկ ամսից, մանրամասները կներկայացնեմ հետո»,- նշեց Սարգսյանը։
Նա հավելեց, որ կշարունակի մնալ ընդդիմադիր դաշտում՝ լինելով լրագրող և հասարակական գործիչ։
«Թեկուզ կարճ կտևի իմ աշխատանքը, բայց մենք ունենք փաստ, որին պետք է առնչվել՝ Վարդան Ղուկասյանի շնորհիվ եմ ես դարձել Երևանի ավագանու անդամ՝ չնայած նրան, որ ես եղել եմ ճանաչված լրագրող, հանրային մարդ, գործիչ, միշտ զբաղվել եմ քաղաքականությամբ, ակտիվ եմ եղել, ընդդիմադիր եմ եղել, միշտ իմ խոսքը հասանելի է եղել»,- նշեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ օրինակ՝ Վահան Ավագյանն սկսել է տարաձայնություններ ունենալ Վարդան Ղուկասյանի հետ, Սարգսյանն ասաց, որ ամեն մարդ ունի իր կարծիքը։
«Եթե Վահան Ավագյանն իմ քավորն է, ում ես շատ հարգում և սիրում եմ, դա չի նշանակում, որ ես իր կարծիքը պետք է մեկնաբանեմ։ Ես իմ կարծիքն ունեմ»,-ընդգծեց նա։