Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է ներկայացրել։ Նա պահանջում է Հայաստանի օրենսդրությունը «նորմալ տեսքի» բերել։
«Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ տեսքի չբերի, չհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը «Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի, բայց Հայաստանն էլ պետք է հրաժարվի իր հավակնություններից»։
Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը «երբեք խաղաղություն չի ունենա», եթե երկրի քաղաքականությունն առաջնորդվի Անկախության հռչակագրի ուղերձներով՝ Հայկական ԽՍՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու որոշմամբ։ Նրա կարծիքով՝ եթե բանակն ուժեղացնենք հռչակագրի դրույթներն իրագործելու համար, այդ դեպքում Հայաստանի «հարևանները դաշինք են ձևավորելու՝ մեզ ոչնչացնելու համար»:
Ալիևը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայման էր անվանել: Նրա խոսքով՝ ՀՀ Անկախության հռչակագիրն «ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»: