Մյունխենում այս պահին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլերի Օլաֆ Շոլցի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Տեղեկատվությունն Armenia Today-ին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։
Այսօր ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում էր ունեցել Գերմանիայի կանցլերի հետ, որից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Փաշինյանի վերջին հանդիպումը Ալիևի հետ տեղի էր ունեցել Բրյուսելում 2023 թվականի հուլիսի 15-ին։ Հանդիպմանը մասնակցել էր նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Քիշնևում 2023 թվականի հունիսի 1-ին։ Բանակցություններին մասնակցել էին Միշելը, Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։