ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, X-ում (նախկին Twitter) հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով փետրվարի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
«Իսկապես շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով, ու երկարատև խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ համաձայնության գան։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։
Փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Մյունխենում ընթանում է Փաշինյանի հանդիպումն Ալիևի և Շոլցի հետ։ Նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պայմանավորվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Շոլցը կոչ էր արել արել շուտափույթ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-հայտարարել էր նա։
Նույն օրը ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում էր ունեցել Գերմանիայի կանցլերի հետ, որից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։