Եթե պահը հասունանա, պատրաստ ենք փողոցային պայքարի, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Մենք պատրաստ ենք քաղաքացու հետ միասին անել ամեն ինչ՝ ավագանու նիստերի դահլիճից սկսած մինչև փողոցներ, որպեսզի կանխենք մարդկանց գրպանը մտնող և մարդկանց վերջին կոպեկները քամող այս օրինագիծը»,- ասել է Սուքիասյանը։
Նա հավելել է, որ փողոցային պայքարն առաջիկայում ըստ անհրաժեշտության կկիրառեն։ «Մենք փողոցներում պայքարելու ոչ մի բարդույթ չունենք, հերիք չէ, դեռ մի բան էլ ինքներս ենք ողջ քարոզարշավի ընթացքում եղել դրա դրոշակակիրը։ Հետևաբար, փողոցային պայքարը մեզ շատ հոգեհարազատ և մեր կողմից ընդունելի գործիքակազմ է»,- նշել է Սուքիասյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։
Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանել էր առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ այն «ավելի համապարփակ քննարկելու նպատակով»։
Armenia Today-ն ուսումնասիրել էր նախագիծը և հաշվարկել ուղևորափոխադրումների սակագների արժեքը։ Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, մեծամասնությունը նախագծին դեմ էր արտահայտվել։