Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Hürriyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու տարբերակ է քննարկում, և եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, 43 կմ երկարությամբ երթուղին կարող է անցնել նաև Իրանով։ Նախարարը հայտնել է, որ Բաքուն այս հարցով կապի մեջ է Թեհրանի հետ:
«Ներկայումս ադրբեջանական կողմը շարունակում է ճանապարհի շինարարությունը։ Նախիջևանի և Թուրքիայի կողմի համար մրցույթ է հայտարարված։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կմ երկարությամբ ճանապարհ»,- տեղեկացրել է Ուրալօղլուն։
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» մասով ադրբեջանական կողմի հայտարարությունները մեկնաբանել էր որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում։ Ալիևն անդրադարձել էր նաև Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։