Երուսաղեմի հայ համայնքը հայց է ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու Հայոց պատրիարքարանի և իսրայելական «Xana Capital» ընկերության միջև Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հողամասի վարձակալության պայմանագիրը, հայտնում է թաղամասի փրկության շարժումը X-ում։
«Վակֆի վստահության համաձայն (անօտարելի գույքի մասին փաստաթուղթ – խմբ.), որն ունի իրավաբանական ուժ, գույքը չի կարող վարձակալվել կամ վաճառվել Պատրիարքարանի կողմից, եթե գործարքն ուղղակիորեն օգուտ չի բերում հայ համայնքին և եթե գործարքը չի ստացել հայ համայնքի համաձայնությունը։ Տվյալ դեպքում՝ գործարքը համաձայնեցված չի եղել հայ համայնքի հետ և ձեռնտու չէ հայ համայնքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործը քննվելու է Երուսաղեմի շրջանային դատարանում։ Շարժումը նշել է «համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունը» որպես Հայկական թաղամասի ամբողջականության «գոյության սպառնալիքի» պատճառ։
«Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրավական պայքարին և պաշտպանելու իրենց պատմական իրավունքները, այս կարևոր գույքը, որը սերունդներ շարունակ ծառայել է հայ համայնքին՝ որպես ապրելու վայր և համայնքային կյանքի մաս ու ապաստան»,- ավելացրել է շարժումը։
Ակտիվիստները զգուշացրել են, որ վախենում են իսրայելական ընկերության ներկայացուցիչների կողմից կրկնվող հարձակումներից։
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»:
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։