ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոմատի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Փետրվարի 12-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Միխալկոյին կանչել էին Արտաքին գործերի նախարարություն ու դժգոհել Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից։ Ադրբեջանի ԱԳՆ-ում ԵՄ պաշտոնյային «մտահոգություններ էին հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ»՝ նշելով, որ «այն հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին»։
2023թ. փետրվարին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում ընդլայնել դիտորդական առաքելությունը: